Monday, March 12, 2012

TEDxKids@Yerevan – Գաղափարների և բանախոսների հայտերի ընդունում

2012թ.-ի հունիսի 1-ին Երևանում կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը:

2010 և 2011 թվականներին կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողության շնորհիվ, TED-ը տրամադրել է արտոնագիր` անցկացնելու առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը երեխաների համար: TEDxKids@Yerevan միջոցառման խորագիրն այս տարի կլինի «Մեր աշխարհը», որի շրջանակներում երեխաները կանդրադառնան իրենց աշխարհին և իրականությանը, իրենց անհավանական հաջողություններին և խնդիրներին, որոնք ժառանգել են իրենց ծնողների սերնդից:

Այժմ ընդունվում են TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսությունների հայտեր:Մենք խրախուսում ենք լինել համարձակ և՛ ձեր նյութի համառոտ շարադրանքը ներկայացնելիս, և՛ գաղախարներ ու բանախոսներ առաջադրելիս:

Մենք խրախուսում ենք տասից տասնվեց տարեկան երեխաներին ներկայացնել հայտեր` իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների և պատմությունների վերաբերյալ: TEDx բանախոսություններն ունեն հատուկ ձևաչափ և ընտրված երեխաները վերապատրաստվելու են, որպեսզի իրենց ելույթը համապատասխանի ձևաչափին:

Այս պահին բոլոր ցանկացողներին խրախուսում ենք դիմել, իրենց հայտերը ներկայացնելով հետևյալ հասցեով` contact@tedxyerevan.com մինչև սույն թվականի մարտի 31-ը:

Խնդրում ենք հայտում նշել ձեր`
Ա. Անուն ազգանունը
Բ. Տարիքը
Գ. Բանախոսության թեման և խորագիրը
Դ. Բանախոսության համառոտ նկարագիրը
Ե. Պատճառը, ինչի համար ցանկանում եք մասնակցել TEDxKids@Yerevan-ին:

TEDxKids@Yerevan-ը տեղի կունենա Թումո Ստեղծարար տեխնոլագիաների կենտրոնում, որը հանդիսանում է TEDxKids@Yerevan-ի գործընկերը:

Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով TED-ը ստեղծել է TEDx-ը: TEDx –ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED–ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը:


TED-ի մասին
TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, Պրն Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը: TED-ի ամենամյա համագումարը տեղի է ունենում Կալիֆորնիա նահանգի Long Beach քաղաքում: Այն միաժամանակ հեռարձակվում է Palm Springs քաղաքում: TEDGlobal-ն ամեն տարի անցկացվում է Օքսֆորդում, Մեծ Բրիտանիայում:
TED-ի մեդիա նախաձեռնություններն են TED.com-ը, որտեղ ամեն օր տեղադրվում են TED-ի բոլոր բանախոսությունները և Open Translation Project-ը, որն ապահովում է ենթավերնագրերի կիրառումը, ինտերակտիվ տրանսկրիպտները և ցանկացած TED բանախոսություն թարգմանելու հնարավորությունը կամավորների միջոցով ողջ աշխարհում: TED-ը նաև հաստատել է ամենամյա TED մրցանակ. այն բացառիկ անհատները, ովքեր ուզում են փոխել աշխարհը, ստանում են հնարավորություն իրականացնել իրենց առաջարկությունները: TEDx-ը հնարավորություն է տալիս անհատներին կամ խմբերին իրականացնել լոկալ ինքնակազմակերպված միջոցառումներ ամբողջ աշխարհում: TEDFellows ծրագիրն օգնում է աշխարհում փոփոխություն բերելու ցանկություն ունեցողներին դառնալ TED համայնքի անդամ և դրա օգնությամբ ընդլայնել իրենց նախագծերի ազդեցությունը և հնարավորությունները:

Հարցերը և առաջարկները կարող եք ուղարկել contact@tedxyerevan.com էլեկտրոնային հասցեին:
TED բանախոսություններին կարող եք ծանոթանալ www.TED.com կայքից:

No comments:

Post a Comment